Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի կարող հաստատել կամ հերքել, որ Կրեմլի վրա հարձակում է իրականացվել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք տեղյակ ենք այդ հայտարարություններից, բայց չենք կարող հաստատել դրանց իսկությունը, – նշել է Պատելը,- բայց ես թերահավատորեն կվերաբերեի այն ամենին, ինչ ասում է Կրեմլը եւ Ռուսաստանի Դաշնությունը»։
Մոսկվան հարձակման համար մեղադրել է Ուկրաինային։ Կիեւը հերքում է իր առնչությունը անօդաչուների հարձակմանը:
Հարցին, թե արդյոք առաջիկա օրերին ԱՄՆ-ն կկարողանա հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, Պատելն ասել է, որ չի շահարկի այդ թեման։ «Մենք շարունակում ենք գնահատել տեղեկատվությունը եւ դրա իսկությունը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրան նաեւ հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի ներսում հարձակումներին Ուկրաինայի մասնակցության մասին հնարավոր տեղեկատվությունը կազդի Կիեւին ամերիկյան աջակցության վրա։ «Մենք կաջակցենք մեր ուկրաինացի գործընկերներին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», - պատասխանել է Պատելը, հավելելով, որ ԱՄՆ-ն չի խրախուսում Ուկրաինային իր երկրի սահմաններից դուրս հարվածներ հասցնելու դեպքում:




























