Սուդանի մայրաքաղաքում մարտերը շարունակվում են նույնիսկ ենթադրյալ յոթօրյա հրադադարի ֆոնին։ ՄԱԿ-ում պնդում են, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, հաղորդում Է Euronews-ը:
Ելույթ ունենալով Նայրոբիում՝ ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը կրկնել է, որ «բոլոր կողմերը պետք է առաջին տեղում դնեն Սուդանի ժողովրդի շահերը, իսկ դա նշանակում է խաղաղություն, վերադարձ քաղաքացիական կառավարմանը, երկրի զարգացման համար պայմանների ստեղծում»։
«Հարթումը խառնաշփոթի մեջ է, Դարֆուրը կրկին այրվում է, եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունն արդեն հաստատել է, որ ավելի քան 100 000 մարդ փախուստի է դիմել, եւ եւս 800 000 մարդ կարող է լքել երկիրը առաջիկա օրերին եւ շաբաթներին: Մարտերը պետք է դադարեն եւ հենց հիմա»,-ասել է նա։
Ապրիլին սկսված բռնությունների հետեւանքով առնվազն 550 մարդ է զոհվել, 4926-ը՝ վիրավորվել։
Տասնյակ հազարավոր սուդանցիներ փախել են հարեւան երկրներ, իսկ օտարերկրյա կառավարությունները շտապ տարհանում են իրենց քաղաքացիներին։ Այդ ընտանիքները փորձում են նավ նստել, որն ուղեւորվում է Սաուդյան Արաբիայի ափամերձ Ջիդա քաղաք։
Երկու կողմերի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պարտավորությունները կատարելու անկարողությունը միջազգային դատապարտման պատճառ է դարձել։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ընդգծել է, որ «հակամարտությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա»։





























