«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պաշտպանության նախարարությանը, նախագահին եւ հանրությանն ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ մայիսի 10-ին իր մարտիկները դուրս են գալու Բախմուտից (Արտյոմովսկ), տեղեկացրել է Russvesna-ն։

Նա պարզաբանել է, որ այդ որոշումը պայմանավորված է արկերի բացակայությամբ եւ առաջարկել է պաշտպանության նախարարությանը զբաղեցնել այն դիրքերը, որոնք այժմ պահում է «Վագներ» խումբը։

«Ես պաշտոնապես դիմում եմ գերագույն գլխավոր հրամանատարին, պաշտպանության նախարարությանը եւ Գլխավոր շտաբի պետին... Զինամթերքների բացակայության պատճառով մեր կորուստներն օրեցօր ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով... Բախմուտում առանց զինամթերքների չարդարացված կորուստներ իմ տղաները չեն կրի։ Ուստի մայիսի 10-ին մենք դուրս ենք գալու քաղաքից։ Մեզ մնացել է վերցնել երկուսից մի փոքր ավելի կիլոմետր, բայց մենք դուրս կգանք, եթե դուք չեք ուզում մեզ զինամթերք տալ։ ...Խնդրում եմ Գլխավոր շտաբի պետին ստորագրել մարտական կարգադրություն Բախմուտ բնակավայրի դիրքերը պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին հանձնելու մասին եւ նշել ամսաթիվը՝ որ օրվանից են նրանք մեզ փոխարինելու դիրքերում։ Մինչեւ մայիսի 9-ը մենք կմնանք Բախմուտում, իսկ հետո դուրս կգանք թիկունքի ճամբարներ... Մենք կբուժենք  վերքերը, եւ երբ Հայրենիքը վտանգի մեջ լինի, նորից կկանգնենք նրա պաշտպանության դիրքերում։ Ռուս ժողովուրդը կարող է մեզ վրա հույս դնել»։