ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, կհանդիպեն հաջորդ շաբաթ եւ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վերաբերյալ առաջարկությունները։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Սպասվում է, որ առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը կհնչեցնի հակառուսական նոր միջոցների մասին առաջարկությունները, իսկ դիվանագետները դրանք կքննարկեն չորեքշաբթի՝ մայիսի 10-ին։
Ավելի վաղ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը հիմնականում ուղղված կլինի գործող սահմանափակումների շրջանցման կանխմանը։
Ապրիլի կեսին The Financial Times պարբերականը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ Եվրամիությունում կարծում են, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ընդլայնման փորձերը տնտեսության նոր ոլորտներում կարգելակվեն ԵՄ այն անդամների կողմից, որոնց համար այդ ոլորտները կենսականորեն կարեւոր են։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ հավանաբար այժմ նոր պատժամիջոցները կարող են «սահմանափակվել ֆիզիկական անձանց ցուցակի ընդլայնմամբ, որոնց ակտիվները կսառեցվեն, եւ որոնց հանդեպ կգործեն ուղեւորությունների սահմանափակումներ»։
ԵՄ-ում պատժամիջոցների հավանության համար պահանջվում է այդ միության բոլոր անդամ երկրների համաձայնությունը։




























