Կառլտոնի համալսարանի կանադացի հետազոտողները պարզել են, թե որքանով կարող են տղամարդիկ ձեւացնել, փոխվել, որպեսզի տպավորություն գործեն կանանց վրա։

Ինչպես նշել է Evolutionary Psychological Science ամսագիրը, գիտնականները հետազոտության մեջ ընդգրկել են 164 տղամարդու։ Կամավորները լրացրել են հարցաթերթիկներ, որոնցում անկեղծորեն գնահատել են իրենց անձնային հատկանիշները։

Հետո նրանց առաջարկվել է դիտել տեսահոլովակ, որը նկարահանել է կին դերասանուհի եւ որը նախատեսված է ծանոթությունների կայքի համար։ Կինն իր մասին պատմել է որպես ուրախ, մի փոքր ինքնաբուխ եւ ռոմանտիկ մարդու։ Պատմությունն ավարտել է այն հատկանիշների թվարկմամբ, որոնք կուզենար տեսնել զուգընկերոջ մեջ. արկածախնդրության հակում, կամեցողություն, ուրախ բնավորություն։

Հաջորդ փուլում մասնակիցները պետք է փոխեին իրենց հարցաթերթիկը, որպեսզի առավելագույն չափով դուրս գային ծանոթություն փնտրող կնոջը։ Պարզվել է, որ ամենաարմատական ձեւով իրենց հատկանիշները փոխել են այն տղամարդիկ, որոնք պսիխոպաթիայի հակում են ունեցել։ Նրանք հանկած «վերածվել» են ազնիվ, էմոցիոնալ, բաց, դրական այլ գծեր ունեցող մարդու։

Ընդհանրապես, պսիխոպաթիայի հակում ունեցող մարդիկ չեն գնահատում մյուսների զգացմունքները, ապրումակցելու, կարեկցելու հատկություն գրեթե չունեն, առավել եւս՝ հեռու են ռոմանտիկ պոռթկումներից։ Նրանք եսասեր են, ագրեսիվ, շուտ բռնկվող։

Փոխարենը պսիխոպաթները կարողանում են բոլորից լավ թաքցնել իրենց զգացմունքներն ու մտքերը։ Նրանք խորամանկ են, «ճկուն», հարմարվում են այն հանգամանքներին եւ մարդկանց, որոնց կարող են հրապուրել շահ ստանալու կամ այլ խնդիրների իրականացման համար։ Ինչը մեկ անգամ եւս հաստատել է այս հետազոտությունը։