Ֆիլիպիններում դպրոցականները քիմիական թունավորում են ստացել։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Էյ-բի-սի – Սի-բի-էն մեդիա-խմբին։
Միջադեպը տեղի է ունեցել Մագինդանաո նահանգում։ Ավելի քան 80 դպրոցական քիմիական թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Նշվել է, որ 9-12 տարեկան երեխաները ուժեղ գլխացավի, գլխապտույտի, որովայնի ցավերի բողոքներ են ունեցել։ Ավելի ուշ եւս 130 դպրոցականի մոտ հայտնաբերվել են նույն ախտանշանները, ինչ եւ հոսպիտալացված աշակերտների մոտ։
Նախնական վարկածի համաձայն՝ երեխաները կարող էին թունավորվել այն նյութից, որը ցանել են գյուղատնտեսական մշակաբույսերի վրա՝ վնասատուների դեմ պայքարի համար։ Մեդիա-խմբի տվյալներով՝ այդ աշխատանքները կատարվել են կրթական հաստատությունից 500 մետր հեռավորության վրա։
Ներկա պահին դասերը դպրոցում մինչեւ շաբաթվա վերջ դադարեցվել են։





























