Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պատրաստ է պաշտպանել ընտրողների ավելի քան 54 տոկոսը, վկայում են Özdemir Araştırma կենտրոնի հարցման արդյունքները։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։ Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների պարզ մեծամասնությունը։ Շաբաթ օրը մեկնարկել է քվեարկությունը Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում եւ սահմանակետերում։
Մայիսի 18-22-ին անցկացված հետազոտությանը մասնակցել է մոտ վեց հազար մարդ, վրիպանքը կազմել է 1,7 տոկոս։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 54,12 տոկոսը, Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 45,88 տոկոսը»,- տեղեկացրել է կենտրոնը Թվիթերում։
Այս կենտրոնի հարցումը, որը հրապարակվել էր անմիջապես ընտրությունների առաջին փուլից առաջ, բավական ճշգրիտ կանխատեսել էր ադյունքները՝ 48,4 տոկոս Էրդողանի, 45,2 տոկոս՝ նրա մրցակցի օգտին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին փուլում հավաքել է 49,52 տոկոս ձայն, նրա մրցակիցն ընդդիմության յոթ կուսակցություններից՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, 44,88 տոկոս։
Թուրքիայի Ata դաշինքից նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը երկուշաբթի հայտարարել է, որ կաջակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանին մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Օղանին աջակցել է ընտրողների ավելի քան 5 տոկոսը, ընդ որում՝ անվավեր է ճանաչվել ավելի քան 1 մլն 20 հազար ձայն։




























