Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, միավորել տաղանդաշատ կոմպոզիտորներին։ Մրցույթին մասնակցելու համար դիմել են 13 երկրի 24 կոմպոզիտորներ, ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել նրանցից 6-ը։ Բոլոր մասնակիցները ներկայացրել են մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար։ Ստեղծագործությունները գրված են հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա։ Հաղթողների անունները հայտնի կդառնան վաղը կայանալիք գալա համերգի ընթացքում։ Առաջին մրցանակակիրը կստանա 3 հազար դոլար, երկրորդը՝ 2 հազար, երրորդը՝ 1000 դոլար մրցանակ։
Մինչ այդ այսօր մաեստրո Մանսուրյանը ներկա էր համերգի փորձին։ Նա առաջին անգամ պետք է լսեր եզրափակիչ փուլ անցած ստեղծագործությունները։ «Ես առհասարակ երիտասարդներին հավատում եմ։ Հիմա ունենք շրջանավարտներ, որոնք կարևոր դեր ունեն երաժշտական կյանքում, նրանք կրթություն են ստացել Եվրոպայում»,– նշեց Մանսուրյանը՝ ընդգծելով, որ այս մրցույթում կցանկանար տեսնել պրոֆեսիոնալ երաժշտություն՝ այսօրվա մտածողությամբ։
«Այս մրցույթում ես ընդամենն անուն-ազգանուն եմ, որը կարող է իր երաժշտությամբ պարզապես օրինակ ծառայել։ Իմ գործերում տեղ ունեն և 5-րդ դարը, և 19-րդ դարը, բազմաշերտ են»,– համեստորեն ասաց մաեստրոն։
Մրցույթի կազմակերպիչ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն էլ նշեց, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում փորձել են միաձուլել հայ հեղինակների տեքստերը և ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը՝ այդպիսով ճանապարհ հարթելով տաղանդավոր երաժիշտների համար։ «Հաշվի առնելով մաեստրոյի ճանաչումը, նրա անվան մրցույթով փորձեցինք Հայաստանն աշխարհին ներկայացնել, ներգրավել դրսի կոմպոզիտորների, որպեսզի հայ հեղինակների տեքստերի հետ աշխատեն և նոր ստեղծագործություններ գրեն։ Կարծում եմ՝ արդյունքները ցույց են տալիս, որ մրցույթը հաջողված է։ Վերջին տարիներին 24 ստեղծագործություն՝ 6 ամսվա ընթացքում դժվար է պատկերացնել»,– նշեց Բարսեղյանը՝ շեշտելով, որ մրցույթը շարունակական է լինելու, և հույս հայտնեց, որ հետագայում էլ մասնակիցների մեծ ակտիվություն կլինի։
Եզրափակիչ փուլ անցած երիտասարդ կոմպոզիտորներից մեկը՝ երևանցի Վարդան Հարությունյանն էլ պատմեց, որ երեք երգ է ներկայացրել, որոնցից մեկը՝ Կոմիտասի, երկրորդը՝ Գեղամ Սարյանի, երրորդը՝ Համո Սարյանի խոսքերով։ «Շատ հաճելի էր նման հնարավորություն ունենալը, հետաքրքիր իրադարձություն է, մրցույթն ինչ–որ տեղ ինձ համար նաև մարտահրավեր էր։ Մանսուրյանի երաժշտությանը խորին հարգանքով եմ վերաբերվում»,– նշեց Վարդանը։




























