Թուրքիայում նոր մեծ ջրամբարները սրում են Հայաստանի գյուղատնտեսության խնդիրը, քանի որ դրանք ջրի մեծ մասը վերցնում են Արաքս գետի վտակներից: Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայում այդ աշխատանքը տարվում է արդեն 10 տարի։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրը ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումն է։

«Վեդիի ջրամբարի կառուցումը բոլոր խնդիրները չի լուծի։ Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացումն անարդյունավետ է»,-նշեց Պետրոսյանը։

Նրա գնահատմամբ՝ երկրում օգտագործվում է ջրային ռեսուրսների ոչ ավելի, քան 25 տոկոսը։

«Ընդհանուր առմամբ այդ պոտենցիալը կազմում է 8 մլրդ խմ»,-հավելեց նա։ 

Փորձագետը փաստեց, որ Հայաստանի գրեթե բոլոր ջրավազաններում ջրի մակարդակը նվազել է, ինչի կապակցությամբ առաջարկեց մեկնարկ տալ ջրամբարաշինության համատարած ծրագրին:

Նա նաեւ կոչ արեց հրաժարվել ինտենսիվ այգիների պետական ծրագրից, քանի որ այն հասանելի չէ միջին եւ առավել եւս փոքր գյուղացիական տնտեսություններին եւ շոշափելի արդյունք չի տալիս:

Պետրոսյանը քննադատեց նաեւ հողերի խոշորացման ծրագիրը։