Հայաստանում նոր ուսումնական ծրագրում ամբողջությամբ պահպանվել են Հայ Առաքելական եկեղեցու կրոնի եւ պատմության մասին գիտելիքները, սակայն առանձին առարկայի շրջանակներից դուրս: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նոր ծրագրում Հայ Առաքելական եկեղեցու պատմության եւ հայ ժողովրդի կյանքում նրա դերի մասին գիտելիքները տրվում են պատմության դասերին, իսկ դավանանքի մասին գիտելիքները՝ հասարակագիտության դասերին:

«Նման ձեւաչափով եկեղեցական տոների մասին նախնական գիտելիքները տրվում են 5-6-րդ դասարաններում՝ «Ես եւ իմ հայրենիքը» առարկայից»,-հայտնեց նա։ 

Անդրեասյանի հավաստմամբ ՝ երեխաներին բացատրվում է ոչ միայն տվյալ տոների ծիսական կողմը, այլ նաեւ այն բովանդակությունը, որը հենց եկեղեցին է ներդնում դրանց մեջ:

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել «Հայ  Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելուն: