Եթե Կառավարությունից զանգում են Հանրային հեռուստաընկերությանը, ուրեմն քննարկվում են բյուջեին վերաբերող հարցեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Եթերն ամենախոսունն է, եթերից տպավորությո՞ւն է, որ ցուցումներ կան։ Ի՞նչ գրաքննության մասին է խոսքը, դուք ինչ-որ գրաքննության օրինակ գիտե՞ք»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ իշխանական պատգամավորների ճեպազրույցները Հանրայինը լուսաբանում է ուղիղ հեռարձակմամբ, իսկ ընդդիմադիրներինը՝ ոչ, Մովսիսյանը հակադարձեց, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են բոլոր պատգամավորներին լուսաբանում։
«Անուններ չեմ ուզում տալ, բայց մենք ունենք խնդիր խորհրդրանական ընդդիմությանը եթեր հրավիրելու կապակցությամբ։ Դուք ամփոփ տվյալներ ունե՞ք, ես էլ ասում եմ, որ ընդդիմությունից հյուր ունենալու վերաբերյալ խնդիր ունենք։ Եթե մենք ունենք գրաքննություն եւ չենք հրապարակում ընդդիմության ներկայացուցչի հարցազրույցը, ապա մենք նաեւ խնդիր պետք է ունենային նրանց եթեր հրավիրելու վերաբերյալ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ «Չքաղաքականացնել» հաղորդաշարի հեղինակն այլեւս չի վարում հաղորդումը Արսեն Ջուլֆալակյանին հյուրընկալվելու պատճառով, Մովսիյանն ասաց, որ եթե Հանրայինում գրաքննություն լիներ Ջուլֆալակյանը եթերում չէր հայտնվի․ «Գրաքննությունը ենթադրում է հենց առաջին օղակը՝ հյուրին չենք հրավիրում։ Եթե գրաքննություն կա, ինչպե՞ս է ինքը հայտնվել եթերում»։
Մովսիսյանի խոսքով՝ հարցի պատասխանը թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ կապված յուրաքանչյուր միջոցառում, կարելի է գտնել հենց Հանրայինին տված հարցազրույցներում։
«Պարզ է՝ Հանրայինը լուսաբանում է իրադարձությունը, որը կապված է փոխքաղաքապետի գործունեության հետ»,- նշեց նա։





























