Մենք սպասում ենք 750 սկաուտների՝ 26 շրջաններից, եւ ունենք 10 հոգանոց գործադիր մարմին: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումը ընդհանուր խմբապետ եղբայր Պողոսը:

Նշենք, որ բանակումը տեղի է ունենալու հուլիսի 21-30-ը՝ Բյուրականում:

«Այս բանակումի նշանաբանն է «խիզախ, խրոխտ եւ միշտ պատրաստ: Բոլոր շրջաններից եկածները չպետք է զատ-զատ լինեն, պետք է իրար խառնվեն եւ միասնաբար աշխատանքները տանեն, որ միասին շփվեն, մտերմանան եւ անմոռանալի ժամանակ անցկացնեն: Մենք ունենք նաեւ հայտագիր այցելելու Սեւանա լիճ, Գյումրի: Հուլիսի 22-ին տեղի կունենա պաշտոնական տողանցք Երեւանում, որից հետո կուղեւորվենք Եռաբլուր, Ծիծեռնկաբերդ, որպեսզի տանք մեր հանգնքի տուրքը մեր բոլոր նահատակներին: Ունենք շրջաններ, որ առաջին կամ երկրորդ անգամ են մասնակցում, օրինակ Մյունխենը (Գերմանիա), Թբիլիսին (Վրաստան), Հայֆան (Իսրայել)»,-ասաց նա՝ հավելելով, որ փակումը լինելու է հուլիսի 29-ին, որը բաց է լինելու բոլորի համար:

Իր հերթին ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի ատենապետը Սանդրա Վարդանյանը նշեց, որ այս անգամվա բանակումը ունի մեկ յուրահատկություն եւս. «Բանակումի հայտագրերից մեկը լինելու է ազգային օր, որտեղ յուրաքանչյուր երկրից եկած պատվիրակություն ներկայացնելու է իր ազգային մշակույթը, ուտեստները: Նույնը օրը մենք բնակավայրում հյուրընկալելու ենք հրաշք երեխաների խմբին: «Հրաշքը» ՀՄԸՄ-ում նոր սկիզբ առած ուղղություն է, որի մեջ ներգրավվում են որոշակի ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, այսինքն ներառական կրթություն է: Իրենք առաջին անգամ մասնակցելու են համաՀՄԸՄ-ական բանակումին, մի քանի ժամով ներկա են լինելու ազգային օրը»: