2022թ. սեպտեմբերի 26-ին պլանետար պաշտպանության առաջին փորձի ընթացքում ՆԱՍԱ-ի DART տիեզերասարքը 22 500 կիլոմետր/ժամ արագությամբ բախվեց Դիմորֆոս աստղակերպին՝ փոքր-ինչ փոխելով նրա ուղեծիրը ավելի խոշոր՝ Դիդիմոս աստղակերպի շուրջ։ «Հաբլ» տիեզերական հեռադիտակը, որը հետեւում էր Դիմորֆոսի փոփոխություններին, գրանցել է գլաքարերի պարս, որոնք նետվել էին աստղակերպից ուժեղ հարվածի հետեւանքով։ Այս մասին գրել է «Новая наука»-ն։
«Հաբլի» տվյալներով՝ հայտնաբերված 37 օբյեկտներն ունեն 1-67 մետր տրամագիծ։ Դրանք աստղակերպից հեռանում են մոտ 1 կիլոմետր/ժամ արագությամբ։ Այդ գլաքարերի ընդհանուր զանգվածը կազմում է Դիմորֆոսի ընդհանուր զանգվածի 0,1 տոկոսը։ Այս բացահայտումը ոչ միայն արժեքավոր տեղեկություն է տալիս ոչ մեծ աստղակերպի վարքի մասին՝ դրան հարվածելու դեպքում, այլեւ ռեկորդային է «Հաբլի» համար։ Նրա հայտնաբերած բեկորը պատկանում է ամենաթույլ օբյեկտների թվին, որոնք երբեւէ լուսանկարվել են հեռադիտակով։
Շատ վաղուց Դիմորֆոսը, գուցե, ձեւավորվել է տիեզերք քշված ավելի մեծ աստղակերպի՝ Դիդիմոսի նյութից։ Օրինակ, այլ օբյեկտի հետ բախման կամ չափից ավելի արագ պտտվելու հետեւանքով։ Այդ նյութը հիպոթետիկորեն գոյացրել է բեկորների օղակ, որոնք կարող էին միավորվել Դիմորֆոսում։ Այս տեսակետից Դիմորֆոսը կներկայացներ թռչող ժայռաբեկորներ, որոնք միասին էին մնում (թույլ) ձգողական ուժով։ Ուստի, ներքին մասը, հավանաբար, ամուր չէ, այլ ունի խաղողի ողկույզ հիշեցնող կառուցվածք՝ տարբեր ապարների բազմության կուտակում։
Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են գլաքարերը, որոնք տեսել է «Հաբլը», բարձրացվել աստղակերպի մակերես։ Դրանք կարող են լինել արդեն «Հաբլի» լուսանկարած եւ այլ հեռադիտակների նկատած նյութի մի մասը։ Կամ էլ աստղակերպի միջով կարող էր անցած լինել սեյսմիկ ալիք, որը հաջորդել է հարվածին եւ սասանել մակերեսի բեկորները։ Խմբի գնահատականներով՝ հարվածը ցնցել է գլաքարերի 2 տոկոսը աստղակերպի մակերեսին։
Չնայած «Հաբլը» հետեւել է գլաքարերին՝ գնահատելու համար DART-ի հարվածի չափը, դրա իրական չափերը պետք է որոշի ЕКА Hera ապագա առաքելությունը։ Այն նախատեսվում է 2024թ., Hera սարքը մանրամասն կուսումնասիրի Դիմորֆոս աստղակերպը բախումից հետո։ Ստացված տվյալների եւ հետագա ուսումնասիրությունների շնորհիվ առաքելությունը խոշոր փորձը կվերածի մոլորակի պաշտպանության լավ ուսումնասիրված մեթոդի, որը մի գեղեցիկ օր կարող է օգտագործվել իրական պայմաններում։ Դեւիդ Ջուիթը Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանից, որը ղեկավարել է այդ հետազոտությունը «Հաբլի» օգնությամբ, ասել է. «Hera-ի գալու պահին գլաքարերի ամպը կցրվի։ Դա նման է շատ դանդաղ մեծացող մեղուների պարսի, որն ի վերջո կթռչի Արեւի շուրջ բինար զույգի ուղեծրով։ Եթե մենք հետեւենք գլաքարերին հետագա դիտարկումների ընթացքում, ապա, գուցե, բավականաչափ տվյալներ կունենանք գլաքարերի ճշգրիտ հետագծի որոշման համար։ Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք, թե ինչ ուղղություններով են դրանք մակերես արձակվել»։





























