Թուրքիայի ՌԾՈւ սակրավորներն ավարտել են սեւծովյան Շիլե քաղաքի (Ստամբուլի մոտ) լողափնյա գոտու ստուգումը ծովում, այստեղ անցած շաբաթվա վերջին հայտնաբերվել էին մոտ 30 հրետանային արկեր։ Զինամթերքները ոչնչացվել են, տեղեկացրել է TV-24 հեռուստաալիքը։

Երկուշաբթի օրվանից Շիլեի լողափերը փակ էին, սակրավորները հետազոտում էին ափը եւ այն շրջանը, որտեղ հայտնաբերվել էին արկերը, լողափնյա գոտում գտնվող տների բնակիչներին, անվտանգության նպատակով, տարհանել էին։ Ստամբուլի վարչության տվյալներով՝ հուլիսի 30-ի առավոտյան ՌԾՈւ ջրասուզակները Սեւ ծովի հատակին հայտնաբերել էին 28 արկ Սոֆուլար շրջանում։ Ութ զինամթերք Շիլեի դատախազի կարգադրությամբ նույն օրը հասցվել է տեղի զորամաս, մնացածը սակրավորները ոչնչացրել են չորեքշաբթի՝ դրա համար օգտագործելով ավելի քան 30 կիլոգրամ պայթուցիկ։

Ժանդարմերիայի տվյալներով՝ արկերը պայթեցնելիս ոչ ոք չի տուժել։ Տեղի բնակիչներին թույլ է տրվել վերադառնալ  իրենց տները, լողափերը, բացի մեկից, որտեղ կատարվում են պայթեցման աշխատանքներ, բաց են։ Այն նախատեսվում է բացել օրվա երկրորդ կեսին։

Ջրասուզակները մտադիր են հետազոտել ծովափնյա այլ շրջաններ եւս՝ արկերի որոնման համար։ Դրա համար օգտագործվում է հատուկ սարքավորում, տեղեկացրել է TRT հեռուստաընկերությունը։

Դատախազությունը հետաքննություն է իրականացնում։ Քննության տվյալներով՝ այդ արկերը հնացած հրետանային զինամթերքներ են եւ ոչ մի կապ չունեն Սեւ ծովում ուկրաինական ծովային լողացող ականների հետ։ Թուրքիայի ՌԾՈւ-ն ավելի վաղ ծովափերին քանիցս ոչնչացրել է այդպիսի ականներ։