Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ռազմական գործողություններից անմիջապես հետո կուսակցությունից դուրս եկավ, մտածելով, որ ամեն ինչ կործանված է, նա փորձեց իր կաշին փրկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին, երբ Հայկ Մարությանը հասարակությանը սեւերի եւ սպիտակների էր բաժանել, եւ հարցին՝ այժմ նրան իշխանականները դիտարկում են որպես սեւ՞, թե՞ սպիտակ, Աղազարյանը պատասխանեց. «Հայկ Մարությանը ոչ սեւ է, ոչ՝ սպիտակ, անգույն է»:
Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ Մարությանը լուրջ մրցակից չէ. «Իր պահվածքը պատերազմի ավարտից հետո շատ բացասական տպավորություն է թողել ինչպես մեր կուսակցական ընկերների, այնպես էլ մեր համակիրների շրջանակներում: Հետեւաբար նրա առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու էլ ավելի կհամախմբի մեր կուսակցական գործընկերներին եւ համակիրներին, մի ուրիշ մակարդակով էլ կմոտիվացնի, եւ սա դրական ազդեցություն կունենա մեր ձայների աճման դինամիկայի վրա: Մեր թեկնածուի ձայներից որեւիցե մեկը չի կարող տանել, որովետեւ մեր թեկնածուն՝ տիգրան Ավինյանը, մեր կուսակցության կողմից ընտրված թեկնածու է, եւ կուսակցականների մոտ վայելում է բացարձակ հարգանք»:
Ճշտող հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո Մարությանն ի՞նչ պահվածք է ցուցաբերել, պատգամավորը պատասխանեց.
«Ռազմական գործողություններից անմիջապես հետո նա կուսակցությունից դուրս եկավ, մտածելով, որ ամեն ինչ կործանված է, նա փորձեց իր կաշին փրկել»:
Անդրադառնալով այն սոցհարցումներին, որ ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, բավականին ցածր վարկանիշ ունի, եւ հարցին՝ արդյո՞ք դա կուսակցության չի անհանգստացնում, Աղազարյանն արձագանքեց. «Ծանոթ չեմ այդ սոցհարցումներին»:
Աղազարյանի խոսքով՝ հասարակությունը գնահատում է Ավինյանի աշխատանքը:
Եվ հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ դերակատարում ունենալո՞ւ է քարոզարշավի ընթացքում, պատգամավորը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը այն վարչության նախագահն է, որը որոշել է Տիգրան Ավինյանի թեկնածությունը, թե ինչպիսի մասնակցություն կունենա, ես չեմ կարող ասել»:




























