Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը խոսում է միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին: Այս մասին  La Repubblica թերթի լրագրողին տված հգարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե արդյոք «հայերի Լեռնային Ղարաբաղից դուրս գալու այս շարժերը կարո՞ղ են վկայել այն մասին, որ սա Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերջի սկիզբն է»:


«Այս պահի դրությամբ մեր իրավիճակը հետևյալն է. որոշ թվով մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, Կարմիր խաչի միջոցով տեղափոխվում են Հայաստան և որոշ թվով քաղաքացիներ, հիմնականում ուսանողներ, որոնք սովորում են Հայաստանում՝ ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել են Հայաստան»,-ասել է Փաշինյանը :

Փաշինյանի խոսքով՝ դրանից առաջ կա լուրջ խնդիր. «Իսկ լուրջ խնդիրը հետևյալն է, որ դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 5000 բնակիչ չի կարողանում վերադառնալ և նաև Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 30 հազար բնակիչներ նույնպես չեն կարողանում վերադառնալ, այս խմբի մեջ են այն մարդիկ, ովքեր 2020 թվականի պատերազմի ընթացքում լքել են իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բայց այս մարդկանց խնդիրը պիտի լուծված լիներ: Այսինքն՝ դե յուրե լուծված է, դե ֆակտո լուծված չէ, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում արձանագրված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, և այս կատեգորիայի մեջ մտնող մոտավորապես մի քանի տասնյակ հազար հայ կա, որ այսօր փաստացի զրկված է այդ հնարավորությունից»:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և դա է պատճառը, որ, ըստ էության, արհեստական հումանիտար ճգնաժամ է ստեղծվել՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու միջոցով: 

«Եվ Լաչինի միջանցքի խնդիրն էլ պիտի դե յուրե լուծված լիներ, որովհետև գիտեք, որ Արդարադատության միջազգային դատարանն իրավական պարտադիր որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիների, բեռների, տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Բայց, քանի որ այդ որոշումը, որը կայացվել է 2022 թվականի փետրվարի 22-ին և վերահաստատվել 2022 թվականի հուլիսի 6-ին, չի կատարվում: Դա արդեն Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամից հետո գալիս է վկայելու նաև, եթե կարող ենք այսպես ասել, միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել»,-ասել է Փաշինյանը: