Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է, չկա դրա մասին վկայող փաստ: Այդ մասին Հանրայինի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն միշտ դուրս է դրել աշխարհաքաղաքական բախումներից, դա եղել է եւ՛ 2018-ից առաջ, եւ՛ հետո:

Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է:

Նա հերքել է այն պնդումը, թե Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությունը գերադասել է ՀԱՊԿ առաքելությունից․

«Սխալ պնդում է, որովհետեւ ԵՄ դիտորդների ժամանելու վերաբերյալ որոշումը կայացվել է 2022-ի հոկտեմբերին Պրահայում, այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյություն չուներ: Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն եկել եւ գնացել էր: Այսինքն՝ մեր առջեւ երբեք դրված չի եղել ընտրություն: ՀԱՊԿ առաքելությունը չի մերժվել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երբ տեղի է ունեցել Հայաստանի վրա հարձակում, Հայաստանը արդարացիորեն ակնկալել է 2 բան, որ կֆիքսվի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակում է տեղի ունեցել, դա կդատապարտվի եւ լավ կլիներ, որ աջակցություն կլիներ. իմ նշած 3 կետերից ոչ մեկը տեղի չի ունեցել»:

Անդրադառնալով այն պնդումներին, որ պրահյան հանդիպումը պետք էր չեղարկել, Ռուբինյանն արձագանքել է.

«Պրահյան հանդիպման ընթացքում ի՞նչ է եղել, որ պետք է չեղարկել: ՌԴ ԱԳՆ-ն պնդում էր արել թե իբր Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն արդյունք է Պրահայում տեղի ունեցած պայմանավորվածության, եւ նույնն էլ ասում է ընդդիմությունը: Պրահայում այն բանից հետո, երբ սեպտեմբերին տեղի էր ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումը, որը չէր դատապարտվել ՀԱՊԿ-ի կողմից, դրանից հետո Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը Պրահայում արել են ընդամենը մեկ բան, որը նոր բան չէ, վերահաստատել են, որ կողմերը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ըստ այդ հռչակագրի՝ նախկին Խորհրդային հանրապետության սահմանները դառնում են միջպետական, 2020-ի նոյեմբերի 9-ին երբ ստորագրվում էր այդ հայտարարությունը, որը չէր անդրադառնում ԼՂ կարգավիճակին կամ պատկանելիությանը, որը ենթադրում էր, որ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների ներքո, այդ պահին երբ դա ստորագրվում էր, Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մեջ էր բոլորի համար»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաթարված են, Ռուբինյանը հերքել է. «Ես կարող եմ պնդել, որ մենք ունենք մի շարք անհամաձայնություններ այն փաստի հետ, որ մեզ բավարար աջակցություն չի ցուցաբերվել տարբեր դրվագներում»: