«Հայկույ» մերձարեւադարձային փոթորիկը երեքշաբթի առավոտյան մոլեգնել է չինական հարավային Գուանդուն նահանգի եւ արեւելյան Ֆունցզյան նահանգի ափերին։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական օդերեւութաբանական կայանը։

Ինչպես նշվել է գերատեսչության ծանուցման մեջ, քամու առավելագույն ուժգնությունը նշված շրջաններում հասնում է վայրկյանում 20 մետրի։ Առաջիկա օրերին Գուանդունի եւ Ֆունցզյանի տարածքում, դրանց հարակից Ցզյանսի եւ Չժեցզյան նահանգներում, ինչպես նաեւ Թայվան կղզու արեւմտյան մասում սպասվում են հորդառատ անձրեւներ։

Օդերեւութաբանական կայանի կանխատեսումների համաձայն՝ Արեւեյան եւ Հարավային Չինաստանի որոշ շրջաններում տեղումները կհասնեն 100-220 միլիմետրի։ Տեղի իշխանությունները հայտարարել են վտանգի միջին (դեղին) մակարդակ։

Սպասվում է, որ մերձարեւադարձային փոթորիկն աստիճանաբար կթուլանա դեպի արեւմուտք շարժվելիս։