Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը Մելբուռնում առգրավել է 300 կիլոգրամ մետամֆետամին, երկու մարդ ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել են դաշնային ոստիկանությունում։
Ոստիկանության հայտարարությունում նշվել է, որ Մելբուռնում տեղակայված չին-թայվանական սինդիկատի (որը կազմակերպել էր թմրանյութերի ներմուծումն ու տարածումը) գործունեության հետաքննության ընթացքում ձերբակալվել է 33-ամյա երկու տղամարդ, առգրավվել է մետամֆետամինի երկու խմբաքանակ՝ ավելի քան 300 կիլոգրամ ընդհանուր քաշով։ «Ձերբակալված տղամարդիկ կասկածվում են մետամֆետամինի ներկրման մեջ, թմրանյութը թաքցված էր սերֆինգի տախտակներում, որոնք Մելբուռն են բերվել բեռնատար ինքնաթիռով, Լոս Անջելեսից (ԱՄՆ)»,- նշել են ոստիկանությունում։
Թմրանյութերն Ավստրալիա տեղափոխելու մեջ կասկածվող տղամարդիկ ձերբակալվել են երեքշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, եւ նույն օրը նրանց մեղադրանքներ են ներկայացվել։ Սպասվում է, որ չորեքշաբթի նրանք կկանգնեն Մելբուռնի քաղաքային դատարանի առջեւ։ Նրանց վերագրվող հանցագործության համար նախատեսվող առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է։




























