Ուկրաինայի Գերագույն ռադան հոկտեմբերի 7 –ին ընդունել է օրինագիծ, որով չեղյալ են համարվում հացահատիկի եւ եգիպտացորենի արտահանման մաքսատուրքերը: Դրա համար երկար ժամանակ պայքարում էին ուկրաինական ֆերմերները, մասնավորապես, Ուկրաինայի գյուղտնտեսների միությունը: Արդյունքում` ուկրաինական ցորենը կարող է սեւծովյան տարածաշրջանում մրցակցել ռուսականի հետ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին մեկնաբանեց ուկրաինական «Dragon Capital» ներդրումային ընկերության ավագ վերլուծաբան Թամարա Լեւչենկոն, մաքսատուրքի վերացումը հազիվ թե անդրադառնա ուկրաինական ցորենի արտահանման գների վրա: «Ուկրաինական ցորենի արտահանման գները միջազգայինի մակարդակի են` անկախ մաքսատուրքերից, եւ համաչափ են ռուսաստանյան նավահանգիստների մարկերների հետ: Կարեւորն այն է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա արտադրողներին առավել շահավետ գնով վաճառել ցորենը»,-ասաց փորձագետը:
Այն, որ Ուկրաինայում հացահատիկի ներքին գները չեն փոխվել, NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ուկրաինական վերլուծական «ՈւկրԱգրոԿոնսալտ» կենտրոնի մասնագետները: «Բավականին մեծ է անորոշությունն արտահանման կարգավորման առումով, այսինքն, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կընդունեն, երբ եւ որ շրջանում»,-նշեցին փորձագետները:
Մյուս կողմից համաշխարհային գները բարձրացնող գործոն կարող է լինել թուլացող դոլարը, որն արդեն պղնձի եւ ոսկու գների աճի պատճառ է դարձել: Ինչպես NEWS.am-ին ասաց ցորենի առեւտրով զբաղվող հայկական «Մանանա գրեյն» ընկերության գլխավոր տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, դա կարող է ազդել հացահատիկի գների վրա: «Ցանկացած դեպքում, շուկայում կտրուկ փոփոխություններ դեռ չկան»,-նշեց նա:
«ՊրոԶերնո» ռուսաստանյան վելուծական ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պետրիչենկոյի` NEWS.am-ին տված մեկնաբանության համաձայն` մաքսատուրքերի վերացումը կանդրադառնա համաշխարհային գների վրա, քանի որ կմեծացնի հացահատիկի առաջարկը: «Ընդ որում` հացահատիկը հանդես է գալիս էժան գնային մակարդակով»,-նշեց Պետրիչենկոն: Մնացած այլ պայմաններով Ռուսաստանը համարվում է ավելի հուսալի գործընկեր: «Պետք է սպասել օրենքի ստորագրմանն ու հրապարակմանը: Դա կարող է լինել 1 – 2 շաբաթվա ընթացքում»,-նշեց նա:
Ինչպես տեղեկացնում է ուկրինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը, մաքսատուրքերի վերացումը բյուջետային մուտքերը կարող է կրճատել մոտ 87,5 մլն դոլարով: Միաժամանակ` «Ագրարային բիզնեսի ուկրաինական ակումբ» ասոցիացիայի փորձագետ Ռոման Սլաստենը նշեց, որ մաքսատուրքերի վերականգնում պետք չէ ակնկալել: «Բնականաբար, դա նավազեցնելու է բյուջետային մուտքերը: Բայց դա բերում է նաեւ մակրոտնտեսական օգուտներ` ներդրումներ, գալիք տարվա բերքի վրա ներդրումների ընդլայնում եւ այլն»,-նշեց նա:
Այսպիսով, արտահանողները փորձում են պահպանել հացահատիկի գները, եւ Ուկրաինայի առաջարկը հազիվ թե փոփոխի տարածաշրջանային կոնյունկտուրան ու լուրջ ազդեցություն ունենա Հայաստան հացահատիկի ներմուծման վրա:
Պատրաստեց Արամ Գարեգինյանը




























