Aerogulf ընկերությանը պատկանող Bell 212 ուղղաթիռը ուրբաթ գիշեր ընկել է ծովը մարզական թռիչքի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է  Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղավիացիայի գլխավոր վարչությունը։

«Սեպտեմբերի 7-ին, ժամը մոտ 20.30-ին վարչությունն ստացել է տեղեկություն, որ Aerogulf ընկերությանը պատկանող Bell 212 ուղղաթիռն ընկել է ծովը,- գերատեսչության հայտարարությունը մեջբերել է WAM գործակալությունը։- Ուղղաթիռում երկու օդաչու կար՝ նրանցից մեկը Եգիպտոսի, մյուսը՝ Հարավաֆրիկյան Հնարապետության քաղաքացիներ էին։ Ուղղաթիռը մարզական թռիչք էր կատարում գիշերվա ժամին եւ թռել էր «Ալ-Մաքթում» միջազգային օդանավակայանից (գտնվում է Դուբայում)»։

Գլխավոր վարչությունը նաեւ նշել է, որ կործանման ենթադրյալ վայրում աշխատում են որոնողները, նրանք փնտրում են անձնակազմի անդամներին։ Այստեղ են եկել նաեւ ավիավթարները հետաքննող հանձնաժողովի ներկայացուցիչները։