ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նա ողջ է մնացել շնաձկան հարձակումից, հայտնում է WESH-ը։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Ամերիկացին սերֆինգ էր անում Նյու Զմյուռնիա Բիչ քաղաքում։ Երբ նա ալիք է բռնել և սայթաքել տախտակի վրայից, նրա վրա շնաձուկ է հարձակվել։

Գիշատիչը կծել է նրան աջ ականջի և աչքի միջև ընկած հատվածում։ 38-ամյա մարզիկը հարձակման ժամանակ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Չնայած դրան՝ տղամարդը հոսպիտալացվել է, բայց նույն օրը դուրս է գրվել։

Ականատես Ռոն Ռոբինսոնը պատմել է, որ, որպես կանոն, շնաձկները հարձակվում են մարդու վրա այն դեպքերում, երբ նա ցատկում է ջուրը։ Այս պահերին գիշատիչը վախենում է, ուստի հարձակվում է օբյեկտի վրա։