Ամերիկյան դպրոցների տարածքում 2021-2022 ուսումնական տարում հրաձգության դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Axios պորտալը, որն ուսումնասիրել է Կրթության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալները։

2021-2022 ուսումնական տարում հանրակրթական և մասնավոր դպրոցներում տեղի է ունեցել 188 հրաձգության դեպք, իսկ 2020-2021 ուսումնական տարում՝ 93 նման դեպք, նշում է հրատարակությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում հրազենի կիրառմամբ բռնությունը «համաճարակ» էր անվանել։ Gun Violence Archive կազմակերպությունը հայտնել է, որ տարեսկզբից ԱՄՆ-ում հրազենային բռնության զոհ է դարձել ավելի քան 25 հազար մարդ։ Ամերիկացի առաջնորդը բազմիցս Կոնգրեսին կոչ է արել օրենսդրական նախաձեռնություններ իրականացնել՝ խստացնելու հսկողությունը հրազենի շրջանառության նկատմամբ, քանի որ հրաձգության դեպքերը  երկրում տարեկան խլում են տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր։

Հրազեն ունենալու իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ լրացմամբ։