«Լի» փոթորիկը, որն ավելի քան մեկ շաբաթ մոլեգնում է Ատլանտյան օվկիանոսում, շաբաթ օրը մոտեցել է Նոր Անգլիա ամերիկյան շրջանին եւ Ատլանտյան Կանադային եւ, ամենայն հավանականությամբ, կվերածվի մերձարեւադարձային փոթորկի՝ հորդ անձրեւներով, հզոր քամիներով եւ վտանգավոր փոթորկուն բռնկումներով, տեղեկացրել է Reuters-ը։

Փոթորիկների կանադական կենտրոնի կանխատեսմամբ՝ «Լին» ցամաք դուրս կգա Նոր Շոտլանդիայում տեղի ժամանակով ժամը 15.00-ին կամ, գուցե, ավելի ուշ Նյու Բրանսուիքում՝ փոթորկից ցածր ուժի քամիներով։

Փոթորկի հնարավոր ուղին կարող է հասնել Ֆանդի ծոց, որը բաժանում է երկու նահանգները եւ ամենաբարձր մակընթացություներից մեկն ունի աշխարհում. մակընթացության եւ տեղատվության տարբերությունը կարող է հասնել 12 մետրի կամ 16-ի՝ ծոցի վերին մասերում։

ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնը նախազգուշացրել է մերձարեւադարձային փոթորկի մասին Մասաչուսեթսի նահանգից մինչեւ Նոր Շոտլանդիա (մոտ 9 մլն մարդ)։

Սպասվում է նաեւ, որ «Լին» 5-12,5 սանտիմետր տեղումներ կբերի, իսկ ուրբաթ երեկոյից սկսած՝ մերձափնյա շրջաններում կփչեն մերձարեւադարձային ուժի քամիներ։

Փոթորկի հետ կապված՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է արտակարգ դրություն Մեն նահանգում՝ նահանգին դաշնային օգնություն տրամադրելով։