Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է, որ տասնյակ մարդիկ, այդ թվում՝ առնվազն 26 սպա, վիրավորվել են հարավարևմտյան Շտուտգարտ քաղաքում էրիթրեական մշակութային փառատոնի շուրջ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, հայտնում է Associated Press-ը:

Միջոցառումը սկսվելուց քիչ առաջ՝ շաբաթ օրը կեսօրին, մոտ 200 ցուցարար էր հավաքվել   հրապարակում և սկսել քարեր, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների և միջոցառման մասնակիցների վրա։ Ոստիկանությունից հայտնում են, որ տուժած 26 ոստիկաններից 6-ը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջոցառման չորս մասնակից և երկու ցուցարար նույնպես վիրավորվել են, ըստ ոստիկանության, թեև նրանց վնասվածքների լրջությունը հայտնի չէ:

Շաբաթ օրը Շտուտգարտի ոստիկանության փոխնախագահ Կարստեն Հոֆլերը դատապարտել է ցուցարարների գործողությունները և հայտարարել, որ «բռնության ոչ մասշտաբը, ոչ էլ ինտենսիվությունը նախապես ակնհայտ չէին»:

Քաղաքային իշխանությունները նշել են, որ նախօրոք հավաքն արգելելու պատճառ չի եղել, սակայն իրենք քայլեր են ձեռնարկելու ապագայում նմանատիպ անկարգությունները կանխելու համար:

«Մենք պետք է վճռական գործողություններ ձեռնարկենք գերմանական հողի վրա այլ պետությունների կողմից հակամարտությունների առաջացման դեմ», - ասել է Շտուտգարտի քաղաքապետ Ֆրանկ Նոպերը, հայտնում է գերմանական dpa գործակալությունը:

Շաբաթ օրվա բողոքի ցույցերը վերջինն էին Գերմանիայում և այլ երկրներում Էրիթրեայի մշակութային իրադարձությունների շուրջ անկարգությունների շարքում: Հուլիսին Գերմանիայի արևմտյան Գիզեն քաղաքում Էրիթրեական փառատոնի ժամանակ տեղի ունեցած բախման հետևանքով 22 ոստիկան էր վիրավորվել։ Սեպտեմբերի սկզբին Թել Ավիվում Էրիթրեայի կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև ծեծկռտուքը հանգեցրել էր քաղաքի վերջին տարիների հիշողության մեջ  աֆրիկացի ապաստան հայցողների և ներգաղթյալների միջև ամենակատաղի փողոցային բախումներից մեկին։

Տասնյակ հազարավոր մարդիկ Էրիթրեայից փախել են Եվրոպա, շատերը պնդում են, որ դաժան վերաբերմունքի են ենթարկվել  Իսայաս  Աֆվերկիի ռեպրեսիվ կառավարության կողմից: Շաբաթ օրվա նման հավաքների շուրջ ծագած հակամարտություններն ընդգծում են Էրիթրեական սփյուռքի անդամների միջև, նրանց, ովքեր մոտ են մնում կառավարությանը և նրանց, ովքեր փախստական են դարձել և հանդես են գալիս  Իսայասի դեմ, առկա  խորը պառակտումը: