Մեծ Լոնդոնի ոստիկանությունը մոտ 1,6 հազար ոստիկանների ներքին հետաքննություն է վարում, նրանք կասկածվում են կանանց հանդեպ դաժան վերաբերմունքի կամ բռնության մեջ, տեղեկացրել է Financial Times թերթը։

Լայնածավալ ներքին հետաքննության նպատակը, պարբերականի տվյալներով, «անիրավաչափ գործողությունների կամ հանցագործությունների մեղավորներին պարզելն ու նրանց իրավակարգի ուժերից ազատելն է, վստահության վերականգնումը մայրաքաղաքի ոստիկանների հանդեպ»՝ աղմկալի գործերի շարքից հետո։

Հետաքննության առիթ է հանդիսացել նախկին ոստիկան Ուեյն Քազենսի գործը, որին 2021թ. դատապարտել են ցմահ բանտարկության 33-ամյա բրիտանուհի Սառա Էվերարդի առեւանգման, բռնաբարության եւ սպանության համար։ Նրա հետ նույն ստորաբաժանումում էր ծառայում Դեւիդ Քերիկը, որը դատապարտվել է 36 ցմահ բանտարկությունների մի քանի կանանց բռնաբարության համար։

Սքոթլանդ Յարդի կոմիսարի օգնականի տեղակալ Սթյուարտ Քանդիի խոսքով՝ հետաքննությունը պետք է որոշի, թե «կասկածյալներն ինչ վտանգ են ներկայացնում հասարակության եւ գործընկերների համար»։ Վերջին 12 ամիսներին 100 ոստիկան հեռացվել է կոպիտ արարքների համար, նշել է նա։

Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի ավելի վաղ հրապարակված զեկույցի եզրակացությունների համաձայն՝ Լոնդոնի ոստիկանությունը պետք է արմատապես վերանայի իր գործողությունները «ինստիտուցիոնալ ռասիզմի, կնատյացության եւ հոմոֆոբիայի» մեղադրանքների պատճառով, այլապես նրա ներկա կառույցը հարկ է վերափոխել։ Այս համատեքստում Մեծ Բրիտանիայում սկսվել է բանավեճ քաղաքային փողոցների անվտանգության, ոստիկանության աշխատակիցների հանդեպ վստահության եւ ոստիկանների մանրակրկիտ ստուգման մասին՝ պատասխանատու այս աշխատանքին թույլատրելուց առաջ։