Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով ԱՄՆ դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Հեֆերնը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: