Ֆրանսիայի նախագահի պետական այցը պլանավորված էր եւ կայացավ հայ-ֆրանսիական պարբերական շփումների շրջանակում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` հոկտեմբերի 17-ին կայացած մամլո ասուլիսում:
Դեսպանը հիշեցրել է, որ Սարկոզիի այցին նախորդել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա:
«Իսկ Հայաստանի անկախության տոնակատարությունների հետ համընկնելը այցին յուրահատուկ իմաստ է հաղորդում` Ֆրանսիայի նախագահին հնարավորություն ընձեռելով Հայաստանին շնորհավորել անկախության առաջին 20-ամյակի առթիվ և Ֆրանսիայի գործակցությունը հայտնել Հայաստանի հետագա զարգացման հարցում, նրա աջակցությունը տարբեր ոլորտներում»,- նշել է դեսպանը: Նա հիշեցրել է, որ Նիկոլա Սարկոզին Երեւանում գտնվելու ընթացքում կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան դեմ առ դեմ դուրս գա իր պատմությանը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նախագահը նաեւ կոչ է արել աշխարհին, կոչ է արել կրկնապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործում», - հիշեցրել է դիվանագետը: Նրա խոսքով` այցը լավ առիթ էր քննարկելու տնտեսության կրթության եւ մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես` ֆրանսերենի ուսուցման, լավ առիթ էր ընդգծելու բարեկամական հարաբերությունները: Դեսպանը այցի լավագույն պահը համարեց Նիկոլա Սարկոզիի ելույթը Ֆրանսիայի հրապարակում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:
Պատասխանելով Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին վերաբերող հարցին` ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ այդ նշանակալի իրադարձությունը տոնելը նաեւ առիթ է 20 տարում կատարված աշխատանքի արդյունքներն ի մի բերելու: Նրա խոսքով` Հայաստանը դա անում է վստահության եւ հպարտության զգացումով: Ձեռքբերումների թվում դեսպանը նշել է նոր քաղաքական համակարգը, ժողովրդավարական մշակույթին ներգրավվելը, անցումը շուկայական հարաբերություններին, ինչպես նաեւ այն, որ Հայաստանը իր տեղը գտել է միջազգային ասպարեզում, ընդգրկվել է ԱՀԿ-ում եւ ԵԽ-ում, սերտորեն համագործակցում է Եվրախորհրդի հետ:
Այս ամենը ի հեճուկս այն բարդ իրավիճակի, որում հայտնվել է հանրապետությունը, նշել է դեսպանը` հավելելով, որ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները դժվարին եւ բազմաթիվ են, բայց պետք է հուսալ հետագա հաջողությունների մասին:




























