Շվեդիայի վարչապետը կանչել է զինված ուժերի ղեկավարին և ոստիկանության հանձնակատարին՝ բռնության ալիքից հետո, որը միայն սեպտեմբերին առնվազն 11 մարդու կյանք է խլել, հայտնում է Reuters-ը։

Չորեքշաբթի օրը Ստոկհոլմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, նախօրեին Ուփսալայի տներից մեկում ռումբի պայթյունից 25-ամյա կին է մահացել։ 

«Սա դժվար ժամանակ է Շվեդիայի համար։ 25-ամյա կինը երեկ երեկոյան պառկել է քնելու, բայց այդպես էլ չի արթնացել»,- ասել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը: «Մենք կհաղթենք ավազակախմբերին»,- ասել է նա։

Քրիսթերսոնը անցյալ տարվա ընտրություններից հետո Շվեդիայի դեմոկրատների աջակցությամբ ձևավորեց աջ կենտրոնամետ փոքրամասնության կառավարություն՝ վերջ տալով Շվեդիայում սոցիալ-դեմոկրատների ութամյա կառավարմանը: Նրա կոալիցիան հաղթեց ընտրություններում մասամբ՝ խոստանալով կասեցնել ավազակային բռնության աճը, և այն նախաձեռնեց մի շարք նախաձեռնություններ, ինչպիսիք են ոստիկանության լիազորությունների ընդլայնումը և զենքով հանցագործությունների համար ավելի խիստ պատիժները: Միջոցառումները դեռ ուժի մեջ չեն մտել, սակայն Քրիստերսոնը խնդիրների մեջ մեղադրել է նախկին կառավարություններին։

«Մեզ այստեղ է հասցրել ներգաղթի անպատասխանատու քաղաքականությունը և ձախողված ինտեգրումը», - ասել է Քրիստերսոնը:

Ավելի վաղ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատները՝ խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը, կառավարությանը  կոչ էր արել փոխել օրենքը, որպեսզի զինվորականներին թույլ տա օգնել դադարեցնել խմբակային բռնությունը: 

Քրիստերսոնն ասել է, որ ինքը զանգահարել է ազգային ոստիկանության հանձնակատարին և զինված ուժերի գերագույն հրամանատարին՝ տարբերակները գնահատելու համար:

Ոստիկանությունը գնահատում է, որ Շվեդիայում մոտ 30,000 մարդ ուղղակիորեն ներգրավված է կամ կապ ունի կազմակերպված հանցավորության հետ: Բռնությունը տարածվել է նաև խոշոր քաղաքային բնակավայրերից դեպի փոքր քաղաքներ, որտեղ բռնի հանցագործությունները նախկինում հազվադեպ են եղել:

«Շվեդիայում հանցավոր կոնֆլիկտները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար», - ասել է Ազգային ոստիկանության հանձնակատար Անդերս Թորնբերգը. «Անմեղ մարդիկ են զոհվում և վիրավորվում։ Մենք ամեն ինչ անում ենք որպես ոստիկանական ուժ, որպեսզի դա տեղի չունենա»: