Իրանցի 16-ամյա Արմիթա Գերավանդը կոմայի մեջ է ընկել ծանր վնասվածքների պատճառով, որոնք ստացել է այն բանից հետո, երբ բարքերի ոստիկանությունը ձերբակալել է նրան Թեհրանի մետրոյի կայարանում հիջաբ չունենալու պատճառով։

Hengaw անկախ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի, հոկտեմբերի 3-ին։

Իշխանությունների ներկայացուցիչները նրան կանգնեցրել են պլատֆորմում եւ պահանջել, որ գլուխը ծածկի։ Երբ աղջիկը հրաժարվել է, նրանք կոպիտ ուժ են կիրառել, ինչի հետեւանքով նա հայտնվել է զինվորական հոսպիտալում։

Իշխանությունները հերքում են, որ վնասվածքները հասցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, բայց Hengaw-ի ակտիվիստները հակառակն են պնդում։

Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ CCTV-ի տեսախցիկների կադրերում երեւում է, թե ինչպես է Արմիթան մոտենում գնացքին երկու ընկերուհիների հետ։ Միջադեպը տեղի է ունեցել մինչեւ նրանց վագոն մտնելը։

Ինչպես երեւում է, միայն նա էր, որ գլխաշոր չուներ։ Վագոնի ուղեւորները աղջկա մարմինը հրում են վագոնի դռնից դուրս, ինչից կարելի է ենթադրել, որ նա արագ կորցրել է գիտակցությունը։

Իրավապաշտպանները հրապարակել են աղջկա լուսանկարը անգիտակից վիճակում, հիվանդանոցի մահճակալին։

«Մենք ուշադիր հետեւում ենք այս գործին, աղջիկը կոմայի մեջ է, վերակենդանացման բաժանմունքում, նրա հարազատներն ասում են, որ հոսպիտալում քաղաքացիական հագուստով շատ մարդիկ կան»,- Reuters գործակալության լրագրողներին ասել է իրանցի ակտիվիստներից մեկը՝ անունը չնշելու պայմանով։

Մեկ այլ ակտիվիստ տեղեկացրել է, որ իշխանություններն արգելել են աղջկա ծնողներին հրապարակել նրա լուսանկարները սոցցանցերում եւ շփվել իրավապաշտպանների հետ։

Արմիթա Գերավանդի գործը կարող է հսկայական հանրային աղմուկ բարձրացնել, ինչպես եղավ 2022թ., երբ նման հանգամանքներում բարքերի ոստիկանության գործողությունների պատճառով մահացավ 22-ամյա Մահսա Ամինին։

Մահսան ձերբակալվել էր Թեհրանի փողոցում անցած տարվա սեպտեմբերին, քանի որ նրա գլխաշորը սահել էր ծոծրակի վրա։