Ղազախստանի իրավապահները հատուկ գործողության ընթացքում հանրապետության մի քանի շրջաններում ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբերի 72 անդամների։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 5-ին Ազգային անվտանգության կոմիտեն ոստիկանության հետ համատեղ և գլխավոր դատախազության համակարգմամբ միաժամանակ հատուկ գործողություն է իրականացրել Ժետիսուի, Ժամբիլի և Թուրքեստանի շրջաններում։ Արդյունքում՝ քննչական գործողություններ կատարելու համար ապօրինի զենք և թմրանյութ պահելու, շորթման, անօրինական միգրացիոն ուղիներ կազմակերպելու և այլ ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող խմբավորման 72 անդամներ բերման են ենթարկվել»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչության տվյալներով՝ խմբերն իրենց գործունեությունն իրականացրել են Չինաստանի և Ղրղզստանի հետ սահմանամերձ շրջաններում։

«Խուզարկությունների ընթացքում առգրավվել է խոշոր չափի կանխիկ գումար, թմրանյութ և այլ իրեղեն ապացույցներ։ Կատարվում են քննչական գործողություններ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։