2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Ինչպես նշված է որոշման տեքստում, մրցանակը կշնորհվի «կանանց ճնշման դեմ նրա պայքարի», ինչպես նաև «բոլորի համար մարդու իրավունքների և ազատության խթանման պայքարի համար»։

Ինչպես բացատրեց Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը, ներկայացնելով դափնեկրին, «այս տարի խաղաղության մրցանակը բաժին է ընկնում նաև հարյուր հազարավոր մարդկանց», ովքեր նախորդ տարի պայքարում էին Իրանում կանանց նկատմամբ խտրականության և ճնշումների դեմ: «Ցուցարարների որդեգրած կարգախոսը՝ «Կին – Կյանք – Ազատություն», հիանալի կերպով արտացոլում է Նարգես Մոհամմադիի նվիրումն ու աշխատանքը»,- ասել է նա։

Իրանի իշխանությունները 13 անգամ կալանավորել են Նարգես Մոհամմադիին, նա հինգ անգամ դատապարտվել է, ընդհանուր առմամբ, 31 տարվա ազատազրկման։ Իրավապաշտպանը դեռ բանտում է։

«Նա պայքարում է արտահայտվելու ազատության և անկախության իրավունքի համար, ինչպես նաև այն կանոնների դեմ, որոնք կանանց պահանջում են մնալ ստվերում և ծածկել իրենց մարմինները: Ցուցարարների արտահայտած ազատության պահանջները վերաբերում են ոչ միայն կանանց, այլ ողջ բնակչությանը։ Նա աջակցում է կանանց պայքարին՝ հանուն լիարժեք և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի»,- ասաց Ռեյս-Անդերսենը՝ նշելով, որ այս պայքարն ուղեկցվել է հալածանքներով և ազատազրկմամբ։

Նարգես Մոհամմադին ծնվել է 1972 թվականին Իրանի Զանջան քաղաքում։ Նա ավարտել է Իմամ Խոմեյնիի միջազգային համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և աշխատել որպես ինժեներ Թեհրանում, սակայն 2010 թվականին քաղաքական գործունեության պատճառով հեռացվել է աշխատանքից, որից հետո սկսել է զբաղվել լրագրությամբ։ Մոհամմադին երկար ժամանակ պայքարել է քաղբանտարկյալներին առանց դատավարության կալանավորելու դեմ և պաշտպանել է կանանց իրավունքները, ինչի համար դատապարտվել է ազատազրկման։ Բացի այդ, նրան արգելել են լքել երկիրը։