Ստեղծվել է խորտակված Զելանդիա մայրցամաքի ամենաճշգրիտ քարտեզը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալությունը վկայակոչում է նորզելանդացի գիտնականների տվյալները, որոնց համաձայն՝ Նոր Զելանդիան Գոնդվանա կոչվող երբեմնի հսկա մայրցամաքի ընդամենը մի փոքր մասն է։ 80 միլիոն տարի առաջ յոթերորդ մայրցամաքը բաժանվեց, և հետագայում մասամբ այն կլանեցին Խաղաղ օվկիանոսի ջրերը:
Մի քանի տարի է, ինչ աշխատանքներ էին տարվում խորտակված ցամաքի մանրամասն քարտեզի ստեղծման ուղղությամբ։ Եվ շնորհիվ գիտարշավների, ինչպես նաև արբանյակային լուսանկարների՝ այն ստեղծվել է։ Բացի այդ, գիտնականները պարզել են Գոնդվանայի՝ ջրի տակ կտրուկ ընկղմվելու պատճառները։
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, հսկա գերմայրցամաքը ներառում էր Աֆրիկան, Հարավային Ամերիկան, Անտարկտիդան և Ավստրալիան։ Մոտ 80 միլիոն տարի առաջ, այսպես կոչված, կավճի ժամանակաշրջանում, գերմայրցամաքի արևելյան հատվածը բաժանվել է մի քանի մասի․ առանձնացել են Անտարկտիդան, Ավստրալիան և Զելանդիան:
ՌԻԱ Նովոստին նշում է նաև նորզելանդացի գիտնական Նիկ Մորտիմերի աշխատանքը, որն իր կյանքը նվիրել է յոթերորդ մայրցամաքի գոյությունն ապացուցելուն։ Գիտնականն ասել է, որ վերջապես վերականգնել է երկրակեղևի այս հատվածի պատկերը։
Իր հոդվածում Մորտիմերը գրում է, որ իր գործընկերների հետ միասին ավարտել է խորտակված մայրցամաքի մանրամասն երկրաբանական քարտեզը և կարողացել է ճշգրիտ նկարագրել Գոնդվանայի բաժանման պատճառները։
Նրա ուսումնասիրությունների համաձայն՝ Զելանդիան վերջնականապես անջատվել է Անտարկտիդայից քսան միլիոն տարվա ընթացքում։ Դա հանգեցրել է սկզբում մայրցամաքի հիմքի հյուծմանը, իսկ հետո՝ նրա խորտակմանը, հայտնում է RG.ru-ն։




























