ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելում տիրող իրավիճակի վերաբերյալ այսօրվա ելույթում հայտարարել է Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ վարչակազմի անսասան աջակցության մասին։
ԱՄՆ նախագահի խոսքով, այսօր ինքը խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ և ասել, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ժողովրդին։
«Ես նաև կապի մեջ եմ եղել Հորդանանի թագավորի հետ, զրուցել եմ Կոնգրեսի անդամների հետ, հանձնարարել եմ ազգային անվտանգության իմ թիմին աշխատել իրենց իսրայելցի գործընկերների հետ՝ զինվորականներին զինվորականների հետ, հետախուզությանը հետախուզության հետ, դիվանագետներին դիվանագետների հետ, համոզվելու համար, որ Իսրայելն ունի այն, ինչի կարիքն ունի։ Ես նաև հանձնարարել եմ իմ թիմին մշտական կապ պահպանել տարածաշրջանի ղեկավարների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի, Թուրքիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Օմանի, ԱՄԷ-ի, ինչպես նաև մեր եվրոպացի գործընկերների և Պաղեստինի ինքնավարության հետ», - նշել է նա:





























