ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը «շատ հիասթափված» է ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին Չինաստանի հայտարարությունից, քանի որ «ոչ մի համակրանք կամ աջակցություն չի հայտնվել Իսրայելին»։ Այս մասին Շումերն ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, հայտնել է AP-ն։

Շումերն այս շաբաթ գլխավորում է վեց սենատորների պատվիրակությունը Չինաստանում։

«Ես ձեզ եւ Չինաստանի ժողովրդին կոչ եմ անում աջակցել Իսրայելի ժողովրդին եւ դատապարտել վախկոտ հարձակումները»,- ասել է Շումերը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը երկու կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Նշվել է, որ Պաղեստինի անկախ պետության ստեղծումը խնդրի լուծման հիմնարար միջոց է։

«Հակամարտության վերսկսումը ցույց է տալիս, որ խաղաղ գործընթացի դադարեցումը չի կարող շարունակվել»,- նշվել է հայտարարությունում։

«Անկեղծ ասած՝ ես շատ հիասթափված եմ արտաքին գործերի նախարարության հայտարարությունից»,- ասել է Շումերը իր ելույթի ավարտին։

Նա ասել է, որ Սենատի պատվիրակության գլխավոր առաջնահերթությունը երկու երկրների միջեւ արդար առեւտրի ապահովումն է։ «Մենք ցանկանում ենք, որ Չինաստանի ժողովուրդը տնտեսական հնարավորություններ ունենա։ Դա լավ կլիներ Ամերիկայի համար»,- ասել է նա։ «Բայց Չինաստանը նաեւ պետք է հավասար պայմաններ տրամադրի ամերիկյան ընկերությունների եւ աշխատողների համար։ Շատ ամերիկացիներ չեն հավատում, որ այժմ կա այդպիսի արդարություն»։