Դանիան աշխատում է Ուկրաինա F-16 կործանիչներ մատակարարելու պարտավորություն ստանձնած երկրների կոալիցիայի «ընդլայնման» ուղղությամբ, ասել է Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը Կոպենհագենում, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանում, տեղեկացրել է Reuters-ը։
Նիդեռլանդները եւ Դանիան գլխավորում են ուկրաինացի օդաչուներին ուսուցանելու գործընթացը, իսկ հետո կործանիչներ կմատակարարեն Ուկրաինա, որպեսզի օգնեն դիմակայել Ռուսաստանի գերազանցությանն օդում։
Օգոստոսի վերջին Նորվեգիան պարտավորվել է Ուկրաինա մատակարարել F-16-ներ, 11 այլ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, հայտարարել են, որ կօգնեն սովորեցնել ուկրաինացի օդաչուներին կառավարել այդ ինքնաթիռները։
Դանիայի վարչապետը հայտարարել է նաեւ, որ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն պետք է ավելի լավ համակարգեն սպառազինությունների եւ զինամթերքների իրենց գնումները դաշինքի շրջանակում։ «ՆԱՏՕ-ն մեր հավաքական անվտանգության անկյունաքարն է, բայց եւ մենք պետք է ավելին անենք Եվրոպայում։ Դա սկսվում եւ ավարտվում է ՆԱՏՕ-ով, բայց Եվրոպայի եւ Եվրամիության ներսում մենք պետք է ավելին անենք»,- ասել է նա։





























