Իսրայելի ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում չի նպաստում անվտանգությանը։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է Tasnim-ը։
«Սիոնիստական վարչակարգը հետապնդում է իսլամական եկրներում անկայունության ստեղծման իր շահերը։ Սա հստակ դիրքորոշում է, որը մենք արտահայտել ենք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներում, հատկապես այն երկրների հետ, որոնք, ցավոք, փորձել են հարաբերություններ հաստատել (Իսրայելի հետ)՝ ուշադրություն չդարձնելով վարչակարգի հեղհեղուկ վիճակին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի վերջերս կատարված այցն Իրան համապատասխանում է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ Կովկասի տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին։ «Այդ ուղեւորությունը դարձավ երկու երկրների ջանքերի շարունակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Բանակցությունները լավ են անցել, եւ ադրբեջանական կողմը արտահայտել է իր տեսակետը։ Կա կոնսենսուս, որ բանակցությունների շրջանակում ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանությունը կկարողանա վերականգնել իր գործունեությունը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Թեհրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին լուծելու խնդիրները։
ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ Իրանի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունների անցկացման մասին Կասպիայում։ «Ոչ մի մանրամասն տեղեկություն ես չունեմ։ Երկու երկրների համատեղ համագործակցության շրջանակում արդեն ստեղծվել են մեխանիզմներ։ Ռազմական համագործակցության առումով մենք լավ եւ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել։ Անհրաժեշտության դեպքում Զինված ուժերի Գլխավոր շտաբը լրացուցիչ պարզաբանումներ կտա»,- նշել է Քանաանին։




























