«Իսրայել Բեյթենու» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը Գազա ցամաքային ներխուժման կոչ է անում՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու համար։

«ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը պահանջում է ստեղծված իրավիճակը, եւ դրա համար անհրաժեշտ է մտնել Գազա»,- նշված է Լիբերմանի հայտարարությունում։ «Պետք է մաքրել ախոռը, այնպես, ինչպես վերջերս մտանք Ջենին, այդպես էլ պետք է մտնենք Գազա քաղաք»,- ասել է Լիբերմանը։

Նա կոչ է անում, ըստ էության, սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտասահմանում, որտեղ էլ որ նրանք լինեն։ Նա վկայակոչում է նախկին վարչապետ Գոլդա Մեյերին, որը Մյունխենի օլիմպիադայում սպանդի մեղավորներին եւ կազմակերպիչներին սպանելու որոշում էր կայացրել։

Լիբերմանը մեղադրում է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին եւ ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ Գերցի Հալեւիին, որ չեն կարողացել համարժեք տեղեկություն տալ իսրայելցիներին պատերազմի վիճակի մասին։

Նա կրկնել է, որ իր կուսակցությունը կմտնի միասնության կառավարություն՝ պայմանով, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի եւ որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք թույլ են տալիս  ֆինանսական օգնություն ցուցաբերել Գազային Կատարից եւ այլ աղբյուրներից, դադարեցվեն։