Վրաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին, մնում է, որ դաշինքը «աշխարհաքաղաքական քաջություն» ունենա։ Նմանատիպ հայտարարություն է արել Վրաստանի Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
Նրա խոսքով, «շնորհիվ Վաշինգտոնի պայմանագրի սկզբունքների միասնության, մեր ընդհանուր արժեքները պաշտպանելու ունակության և եվրատլանտյան անվտանգության մեջ ամենամեծ ներդրման՝ մեր երկիրը լիովին պատրաստ է Դաշինքին անդամակցելուն»: Նա նշել է, որ «կարևոր է ՆԱՏՕ-ի համար աշխարհաքաղաքական քաջություն ցուցաբերել և լիովին գիտակցել 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման իրականացման անհրաժեշտությունը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան նշել է, որ «մինչ Ուկրաինայում ռուսական պատերազմի սկսվելը Վրաստանը եղել և մնում է ՆԱՏՕ-ի ամենաուժեղ գործընկերը, մենք Ուկրաինայից բացի ոչ մի այլ գործընկերոջ հետ ավելին չենք անում, քան ձեզ հետ»: Միևնույն ժամանակ նա Թբիլիսիին կոչ է արել «շարունակել բարեփոխումները»։
«Ես այստեղ չեմ, որ ձեզ քաղաքական խորհուրդներ տամ, այլ ասեմ, որ եթե ցանկանում եք մեծացնել համագործակցությունն այս առումով, դուք սահմանափակված չեք, բայց գնդակն այժմ ձեր դաշտում է: Հուսով եմ, որ դուք այս ուղերձը կհասցնեք Թբիլիսիին և կակտիվացնեք մեր առանց այն էլ ամուր գործընկերությունը»։




























