Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը արեւմտյան երկրներին մեղադրել է Պաղեստինի ներկա իրավիճակի համար, տեղեկացրել է Mehr-ը։

Ամիր-Աբդոլահիանը այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։ «Եթե Եվրոպան եւ Արեւմուտքը կանգնեցնեին [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի հանցագործությունները՝ չկիրառելով [իրենց] երկակի չափորոշիչները, գուցե Պաղեստինն այսօր այդ վիճակում չհայտնվեր»։ Նա կոչ է արել աջակցել Պաղեստինի ժողովրդին։

Բորելն իր կողմից հայտնել է, որ ԵՄ-ն քննադատում է Նեթանյահուին, եւ ավելացրել է, որ անհրաժեշտ է մտածել խաղաղությանն աջակցելու մասին։

Ամիր-Աբդոլահիանն իր աքաունթում նշել է, որ Դիմադրության գործողությունն «օրինական է եւ բնական» պատասխանն է «ծայրահեղական սիոնիստական վարչակարգին»։

Ամիր-Աբդոլահիանը ընդգծել է գլոբալ ջանքերի անհրաժեշտությունը՝ պաղեստինցիների զանգվածային սպանությունները դադարեցնելու համար, հատկապես Գազայի հատվածում։