Ցմահ ազատազրկման դատապարտված թուրք գործարար, բարերար և ակտիվիստ Օսման Քավալան արժանացել է Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակին։ Այս որոշումը հրապարակվել է Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի բացման օրը հատուկ արարողության ժամանակ, հայտնում է DW-ն։

«Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է արժանին մատուցել այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց քաջությամբ, վճռականությամբ և ուժով մեզ ցույց են տալիս ազատության ճանապարհը: Նրանց պայքարը օրինակ է բոլորիս համար»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը։

Քավալայի կինը մրցանակաբաշխության ժամանակ կարդացել է ամուսնու նամակը բանտից։ Թուրքիայում մշակութային նախագծերին օգնած բարերարը մրցանակը նվիրել է անարդարացիորեն բանտարկված իր համաքաղաքացիներին։

Օսման Քավալան ձերբակալվել է 2017 թվականին Ստամբուլում՝ 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում հակակառավարական ցույցեր ֆինանսավորելու և կազմակերպելու մեղադրանքով։ 2020 թվականի փետրվարին դատարանը նրան արդարացրել է այս մեղադրանքից, սակայն նույն օրը դատախազությունը ձեռնարկել է ձեռնարկատիրոջ նկատմամբ կալանավորման նոր օրդեր՝ Թուրքիայում հեղաշրջման փորձին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տապալմանը նրա հնարավոր մասնակցության, ինչպես նաեւ 2016 թվականի հուլիսին լրտեսական գործունեության մեղադրանքներով:

2022 թվականի ապրիլին Ստամբուլի դատարանը Քավալային դատապարտեց ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման՝ նրան մեղավոր ճանաչելով կառավարությունը տապալելու փորձի մեջ եւ ապացույցների բացակայության պատճառով հանելով լրտեսության մեղադրանքը։ Հեղաշրջման փորձին մեղսակցության գործով եւս յոթ մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման։ Ո՛չ Քավալան, ո՛չ մյուս ամբաստանյալները չեն ընդունել իրենց մեղքը։