Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ անմեղ խաղաղ բնակիչները սպանվեն ոչ մի տեղ, այդ թվում՝ Գազայի հատվածում և Իսրայելում, երեքշաբթի ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին՝ կապված Իսրայելին անվտանգության ոլորտում ամերիկյան օգնության առաջին տրանշի ուղարկման հետ։
«Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ Իսրայելն ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է ինքնապաշտպանվելու և ՀԱՄԱՍ-ի դեմ գործելու համար, քանի որ ռազմական օգնության առաջին մասնաբաժինն Իսրայել է ուղարկվում արդեն հիմա», - CNN-ին ասել է Քիրբին:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, Քիրբին պատասխանել է .«Մենք չենք ցանկանում տեսնել անմեղ խաղաղ բնակիչների սպանությունը աշխարհի որևէ կետում, և դա, անշուշտ, վերաբերում է Գազային և Իսրայելին»:
Նա ընդգծել է, որ շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի՝ հարավային Իսրայելի վրա հարձակումն սկսվելուց ի վեր «չափազանց շատ անմեղ քաղաքացիներ արդեն սպանվել են»:
Քիրբիի մեկնաբանություններն արվել են այն ժամանակ, երբ Իսրայելը երեքշաբթի օրը ձեռնարկեց ամենադաժան ավիահարվածները Գազայի հատվածում՝ պաղեստինցիների հետ հակամարտության 75-ամյա պատմության մեջ՝ հողին հավասարեցնելով ամբողջ տարածքները, չնայած ՀԱՄԱՍ-ի սպառնալիքներին՝ մահապատժի ենթարկել գերիներին յուրաքանչյուր ավերված տան համար, հայտնում է Reuters-ը:





























