Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կարծես թե հրաժարվել է «տանիքը թակելու» մարտավարությունից: Այս էվֆեմիզմը նկարագրում է ռազմական մարտավարությունը, որն առաջին անգամ մշակվել է 2009 թվականին և դրանից հետո օգտագործվել մի քանի հակամարտությունների ժամանակ, հայտնում է CNN-ը։

Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը զգուշացնում են շենքի բնակիչներին, որ նրանք թիրախավորում են կառույցը ավիահարվածի համար՝ մի փոքր ոչ պայթուցիկ զինամթերք նետելով տանիքի վրա, նախքան ավելի մեծ հարված հասցնելը: Նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական զոհերը՝ թույլ տալով շենքերից մարդկանց տարհանումը:

Չնայած կյանքեր փրկելու վերջնական նպատակին, մեթոդը հակասական է և քննադատության է ենթարկվել իրավապաշտպան խմբերի կողմից, որոնք պնդում են, որ շենքի վրա զինամթերք գցելը չպետք է նախազգուշացում համարվի:

Մյուսներն ասում են, որ չնայած նախազգուշացմանը, Գազայում խաղաղ բնակիչների համար քիչ ապահով վայրեր կան, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, հաճախ զոհվում են գնդակոծությունների հետևանքով:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը բացատրել է, որ ռազմական և քաղաքացիական թիրախները տարբերակելը «այնքան էլ հեշտ չէ»: «Շենքերում, որտեղ մարդիկ ապրում են, կարող է լինել զենքի խանութ... այնտեղ կարող է ապրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդը»,- ասել է նա։

Շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը, ըստ երևույթին, հրաժարվել է «տանիքը թակելու» իր մարտավարությունից: CNN-ի հետ զրույցում Գազայի որոշ բնակիչներ ասել են, որ իրենց չեն տեղեկացրել, երբ իրենց տները ռմբակոծել են:

Հարցին, թե Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցրե՞լ է այս մարտավարությունը, Հեխտը պատասխանել է, որ ՀԱՄԱՍ-ը «տանիքները չի թակել»: «Երբ եկան ու նռնակներ նետեցին մեր շտապօգնության մեքենաների վրա, տանիքին չհարվեցին: Սա պատերազմ է։ Մասշտաբները տարբեր են»,- հավելել էՀեխտը:

Նման նախազգուշացումների բացակայությունը կարող է նպաստել Գազայի հատվածում մինչ այժմ գրանցված քաղաքացիական զոհերի զգալի թվին: Շաբաթ օրվանից Գազայի հատվածում առնվազն 950 մարդ է զոհվել։