Եթե ապացուցվի, որ Բալթիկ ծովի տակ ստորջրյա գազատարի եւ հեռահաղորդակցային մալուխի վնասումը միտումնավոր հարձակման հետեւանք է, ՆԱՏՕ-ի պատասխանը կլինի «վճռական», չորեքշաբթի հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։

«Եթե ապացուցվի, որ դա հարձակում է ՆԱՏՕ-ի կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի դեմ, (...) դաշինքը համատեղ վճռական պատասխան կտա»,- ասել է նա Բրյուսելում դաշինքի նախարարների հանդիպումից առաջ։

Balticconnector ստորջրյա գազատարի վնասվելու մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 8-ին։ Գազատարի ֆիննական եւ էստոնական Gasgrid Finland եւ Elering օպերատորները նկատել են ճնշման անսովոր անկում խողովակաշարում, ինչից հետո որոշել են դադարեցնել գազի մատակարարումը։ Gasgrid Finland-ի տվյալներով, եթե պարզվի, որ ճնշումն իսկապես ընկել է արտահոսքի պատճառով՝ կապված խողովակաշարի վնասվելու հետ, նորոգման աշխատանքները կարող են առնվազն «մի քանի ամիս» տեւել՝ կախված վնասի բնույթից։

Մոտ 80 կիլոմետր երկարությամբ խողովակաշարն Ֆինլանդիային ապահովում է մուտք բնական գազի լատվիական պահեստարաններ Ինչուկալնսում, իսկ դրա թողունակությունը կազմում է տարեկան 2,6 խորանարդ մետր։ Սեյսմիկ դիտարկումների Norsar նորվեգական ինստիտուտը գրանցել է «հնարավոր պայթյուն» գազատարի մոտ գազի մատակարարումը դադարեցնելուց ոչ շատ առաջ։