Իմ տպավորությունն այն է, որ Արեւմտյան հարթակներում՝ բրյուսելյան եւ վաշինգտոնյան, Նիկոլ Փաշինյանին համոզում էին հարգել պետությունների տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքը եւ հայկական ուժերը դուրս բերել Ղարաբաղից, լուծարել հայկական վարչակազմը, որովհետեւ Ալիեւը միայն այդ պայմանով էր պատրաստ շարունակել բանակցությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Այդ բազմակի հանդիպումներից զգացվում էր, որ ինչ-որ բան էին ուզում համոզել: Իհարկե, Հայաստանը չուներ զորամիավորում Ղարաբաղում, բայց ամեն դեպքում ԼՂ ՊԲ-ն Ալիեւը դիտում էր որպես Հայաստանի զինված կազմավորում: Ի վերջո, կարծես թե, ինչ-որ արդյունքի հասան իրենք: Այդտեղ կարծես համընկավ ՌԴ-ի դիրքորոշում, որ ուզում էր Ադրբեջանին սիրաշահել, Արեւմուտքի դիրքորոշումը, որ ուզում էր Ղարաբաղը հայաթափել, որ ռուսական խաղաղապահները դուրս գան, եւ եղավ այն, ինչը մենք տեսանք:
Այսքանից հետո Գրանադայի հանդիպմանը Ալիեւը չգնաց, եւ սա լուրջ ապտակ էր բոլոր կողմերին, որովհետեւ նրա բոլոր պահանջները, կապրիզները կատարվել էին, նա պետք է գնար, պետք է կնքվեր խաղաղության պայմանագիր, իսկ Բրյուսելում ու Վաշինգտոնում պետք է դրոշակ թափահարեին, որ տեսեք, ի վերջո, արեւմտյան հարթակներում հասանք խաղաղության պայմանագրի կնքմանը»,-ասաց նա:
Քեռյանը պատահական չի համարում, որ ԵՄ խորհրդի նախգահ Շառլ Միշելը զանգել էր Ալիեւին եւ հարցրել էր՝ էլ ինչի՞ց եք դժգոհ, որ չեք գալիս. «Պարոն Ալիեւը այս անգամ հստակ դրել էր երեք հարց. սահմանազատումն նել ըստ ադրբեջանական պահանջների, այսինքն վերադարձնել անկլավները, ապահովել «Զանգեզուրի միջանցքի» գործունեությունը եւ երրորդը, արդեն սկսել խոսել ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի մասին:
Հիմա Փաշինյանն ընկել է բավականին ծանր կացության մեջ: Կատարել է գլխավոր պահանջը՝ չօժանդակել ԼՂ-ի իրադարձություններին, թեեւ Հայաստանը ոչ ուժ, ոչ միջոցներ ուներ միջամտելու, դա պետք է աներ կամ Ռուսաստանը, կամ Արեւմուտքը, երկուսն էլ չարեցին:
Հիմա Փաշինյանն իր երեկվա հարցազրույցով կարծես փորձում էր հանրայնացնել իր դիրքորոշումը այս երեք պահանջների նկատմամբ, բայց այդպես էլ հստակ ոչինչ չասաց, որովհետեւ դա հերթական ցնցող ազդեցությունը կլիներ հայ հասարակության վրա»,-ասաց քաղաքագետը:





























