Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեղադրել է Իրանին ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ՝ հայտարարելով օրենսդիրներին, որ ինքն աշխատելու է տարածաշրջանի տերությունների հետ, որպեսզի կանգնեցնի բռնության հետագա տարածումը։
«Չնայած համոզիչ ապացույցներ չունենք, որ Իրանն աջակցել է այդ վախկոտ գրոհին, մեզ բոլորիս պարզ է, որ առանց իրանական աջակցության ՀԱՄԱՍ-ը երբեք չէր կարողանա սկսել այդ աննախադեպ գրոհը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Գերմանիան կդադարեցնի օգնությունը պաղեստինյան տարածքների զարգացմանը, մինչեւ որ համոզվի, որ այդ միջոցները ծառայում են տարածաշրջանի խաղաղությանն ու Իսրայելի անվտանգությանը։
«Ցավոք, մենք կարող ենք կանխատեսել, որ քաղաքացիական բնակչության տառապանքները Գազայի հատվածում, հավանաբար, կշարունակվեն, բայց դա եւս ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի դեմ նրա հարձակման մեղքն է»։
Շոլցը հավաստիացրել է, որ աշխատում է պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ Իսրայելի հետ սերտ համակարգմամբ, եւ աշխատելու է, որպեսզի բռնությունը չտարածվի։





























