Իսրայելը Եգիպտոսից հնարավոր բռնության մասին նախազգուշացում էր ստացել ՀԱՄԱՍ-ի հարձակումից երեք օր առաջ, ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մայլք Մակքոլը, տեղեկացրել է The Guardian-ը։
«Մենք գիտենք, որ Եգիպտոսը երեք օր առաջ նախազգուշացրել էր իսրայելցիներին»,- լրագրողներին ասել է հանրապետական Մայքլ Մակքոլը։
Նրա խոսքով՝ հարձակումը կարող էր պլանավորված լինել դեռ մեկ տարի առաջ։ «Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչպես է Իսրայելը թույլ տվել դա»,- ասել է նա։
Կահիրեն պաշտոնապես չի մեկնաբանել ենթադրություններն այն մասին, որ ինքը նախազգուշացրել է։ Բայց եգիպտական ԶԼՄ-ները չորեքշաբթի մեջբերել են բարձրաստիճան աղբյուրների, որոնք հերքել են իսրայելական մամուլի տեղեկություններն այն մասին, որ նման նախազգուշացում արվել է։
Եգիպտոսի հատուկ ծառայությունները Իսրայելին քանիցս նախազգուշացրել են, որ Գազայի հատվածի հումանիտար վիճակը նշանակում է, որ այն կարող է «պայթել», մեջբերել է Financial Times-ը երկու պաշտոնյաների խոսքերը ոչ թե կոնկրետ, այլ ընդհանուր նախազգուշացման մասին։
Երկուշաբթի եգիպտացի պաշտոնյան Associated Press գործակալությանը տեղեկացրել էր, որ Եգիպտոսը քանիցս խոսել է իսրայելցիների հետ այն մասին, որ պատրաստվում է մի ինչ-որ «մեծ» բան։
Անունը չնշած պաշտոնյան հայտնել է, որ իսրայելցի պաշտոնյաներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Արեւմտյան ափի վրա եւ նվազեցրել Գազայի հատվածից սպասվելիք սպառնալիքը։





























