Միավորված Ազգերի Կազմակերպությունը «անվերապահորեն դատապարտել է» Իսրայելում եւ Գազայում խաղաղ բնակիչների վրա հարձակումները, ինչպես նաեւ Իսրայելի կողմից Գազայի հատվածի անօրինական շրջափակման խստացումը։

ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների առեւանգումն ու սպանությունները  «միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են եւ միջազգային հանցագործություններ, որոնց համար պետք է պատասխանատվության ենթարկել, նշվել է ՄԱԿ հայտարարությունում։ Իսրայելում կամ Գազայում այդ բռնությունն արդարացում չունի։

ՄԱԿ-ը ուշադրությունը կենտրոնացրել է նաեւ Գազայի հատվածում պաղեստինցիների ծանր դրության վրա։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի ռազմական հարձակումներն առանց այդ էլ հյուծված պաղեստինցի բնակչության վրա Գազայում, որտեղ ավելի քան 2,3 մլն մարդ կա, որոնց մոտ կեսը՝ երեխաներ։ Նրանք 16 տարի ապրում են  անօրինական շրջափակման մեջ եւ արդեն հինգ ծանր ու դաժան պատերազմ են տեսել»,- ասել են նրանք։ «Դա հավասարազոր է հավաքական պատժի»։

ՄԱԿ փորձագետները նախազգուշացրել են, որ հիմնական ապրանքների (ջուր, սննդամթերք, դեղեր) մատակարարումից հրաժարումը «կարագացնի լուրջ հումանիտար ճգնաժամը Գազայում»։ Նրանք հումանիտար միջանցքների ստեղծման կոչ են արել, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ Գազայից։

ՄԱԿ-ը կոչ է արել միջազգային հանրությանը «վերացնել ներկա հակամարտության արմատական պատճառները, ներառյալ 56-ամյա օկուպացիան եւ անեքսիան, որն իրականացնում է Իսրայելը»։