Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկզբից ի վեր իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին խոստովանել է, որ կան թերություններ, որոնք թույլ են տվել ՀԱՄԱՍ-ին մուտք գործել երկիր, գրում է Times of Israel-ը:
«Իսրայելական բանակը պատասխանատու է երկրի և նրա քաղաքացիների անվտանգության համար, և շաբաթ առավոտյան Գազայի հատվածին հարող տարածքում մենք ձախողվեցինք այս հարցում։ Կսովորենք, կուսումնասիրենք, բայց հիմա պատերազմի ժամանակն է»,- ասել է նա։
Հալևին վստահեցրել է, որ Իսրայելը կանի հնարավոր ամեն ինչ ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների կողմից վերցված պատանդներին վերադարձնելու համար։ «Մարդասպան, դաժան ու անսպասելի դեպքից անցել է հինգ օր։ ՀԱՄԱՍ-ի արյունարբու ահաբեկիչների կողմից մեր երեխաների, մեր կանանց և մեր ժողովրդի սպանությունը դաժան է և անմարդկային։ Իսրայելի պաշտպանության բանակը պայքարում է անխիղճ ահաբեկիչների դեմ, որոնք անասելի արարքներ են գործել։
Գազայի հատվածի տիրակալ Յահյա Սինվարը որոշել է իրականացնել այս սարսափելի հարձակումը, և այդ պատճառով նա և նրա ղեկավարած ողջ համակարգը դիակներ են։ Մենք կհարձակվենք նրանց վրա, կկործանենք, կքանդենք նրանց համակարգը: Գազան այլևս նույնը չի լինի»,- նշել է նա։





























