Սպիտակ տունը «վտանգավոր ու խելահեղ» է համարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն Իսրայելում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ֆլորիդայում՝ Թրամփը Հեզբոլլահն անվանել է «շատ խելացի», իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ «հիմար»:

Մինչ աշխարհը շարունակում է քննարկել հարձակումների մասին Իսրայելի կառավարության նախնական իմացության հարցը, Թրամփը կշռադատել է այդ հարցը և քննադատել Իսրայելի կառավարությանը: Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ չէր այս հարձակմանը։

«Նման պնդումները վտանգավոր են և խելահեղ», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը: «Մեզ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու որևէ ամերիկացի երբևէ կարող է գովաբանել Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական կազմակերպությանը որպես «խելացի» կամ առարկի այն բանի դեմ, որ ԱՄՆ-ն զգուշացնում է ահաբեկիչներին չհարձակվել Իսրայելի վրա: Սա ժամանակ է բոլորիս համար՝ ուս ուսի տված կանգնելու Իսրայելի հետ՝ իրական չարիքի դեմ»։

Թրամփը նաև հայտարարել էր, որ Նեթանյահուն «ձախողեց» Միացյալ Նահանգներին՝ չմասնակցելով 2020 թվականի հունվարին Իրաքում իրանցի բարձրաստիճան գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությանը: «Ես երբեք չեմ մոռանա, որ Բիբի Նեթանյահուն մեզ ձախողեց», - ասել է Թրամփը. «Դա շատ սարսափելի բան էր»։ 

Թրամփի և Նեթանյահուի միջև լարվածության մասին վաղուց է խոսվում։ Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերին Թրամփն Axios-ի թղթակից Բարաք Ռավիդին ասել էր, որ գրեթե մեկ տարի առաջ պաշտոնը լքելուց ի վեր չի խոսել Նեթանյահուի հետ: Ըստ Ռավիդի՝ «Թրամփի համար վերջին կաթիլն այն էր, երբ Նեթանյահուն շնորհավորեց նորընտիր նախագահ Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, մինչդեռ Թրամփը դեռ վիճարկում էր արդյունքը»: